Օմանը հետաձգել է Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև Հուրմուզի նեղուցի շուրջ նախատեսված հանդիպումը։ Հանդիպումը պետք է անցկացվեր սեպտեմբերի 14-ին՝ Օմանի Սալալա քաղաքում։ Այս մասին հայտնում է «AFP»-ն։
Օմանի լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հանդիպումը հետաձգվել է՝ «կառուցողական երկխոսության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով»։ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսաիդին նշել է, որ երկիրը շարունակում է ձգտել խթանել երկխոսությունը, որը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու երկարաժամկետ համագործակցությանը։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ Օմանը հյուրընկալելու է հանդիպում, որի ընթացքում քննարկվելու էր Հուրմուզի նեղուցի ապագան։ Թեհրանը նշել էր, որ հանդիպմանը կմասնակցեն Իրաքը և Ծոցի երկրները, սակայն մասնակից երկրների հստակ ցանկ չէր ներկայացվել։ Միևնույն ժամանակ Բահրեյնը հայտարարել էր, որ չի մասնակցելու հանդիպմանը։







