ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ քվեարկել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օգտին։ Պատգամավորներն ընդունել են բանաձև, որը նախատեսում է սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի՝ առանց Կոնգրեսի թույլտվության Իրանի դեմ ռազմական գործողությունները շարունակելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն։
Սեպտեմբերի 15-ին կայացած քվեարկության ժամանակ բանաձևին կողմ է քվեարկել 220, դեմ՝ 204 ներկայացուցիչ։ Բոլոր դեմոկրատները պաշտպանել են նախաձեռնությունը, իսկ հանրապետականներից յոթը միացել են նրանց, այդ թվում՝ երեքն առաջին անգամ են կողմ քվեարկել։
Այովայից հանրապետական կոնգրեսական Զաք Նաննը հայտարարել է, որ եթե բանակցությունների հնարավորությունները սպառվում են, երկարատև ռազմական գործողությունները պետք է իրականացվեն Կոնգրեսի թույլտվությամբ։ «Ես չեմ աջակցի ևս մեկ անժամկետ պատերազմի», – ասել է նա։
Նոր բանաձևը դեռ պետք է հաստատվի Սենատում: Հաստատման դեպքում այն կուղարկվի նախագահին, սակայն, ըստ «Al Jazeera»-ի, Թրամփն, ամենայն հավանականությամբ, կօգտվի վետոյի իրավունքից։ Ներկայացուցիչների պալատը նախկինում ևս երկու նմանատիպ բանաձև է ընդունել, սակայն դրանք չեն հասել նախագահի սեղանին։








