Միացյալ Նահանգները պատրաստ է թույլատրել 10 MIM-104E GEM-T հրթիռների փոխանցումն Ուկրաինային։ Դրանք նախատեսված են «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Հրթիռների ընդհանուր արժեքը կազմում է 29,6 մլն դոլար։ Այս մասին նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կոնգրեսին ուղարկած ծանուցման մեջ։
Հրթիռները նախկինում մատակարարվել են Գերմանիային։ Դրանց փոխանցումն Ուկրաինային պահանջում է ԱՄՆ-ի համաձայնությունը, քանի որ ամերիկյան սպառազինության վաճառքի պայմանները թույլ չեն տալիս այն փոխանցել երրորդ երկրներին առանց Վաշինգտոնի թույլտվության։
«Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է թույլատրել այս փոխանցումը՝ հաշվի առնելով քաղաքական, ռազմական, տնտեսական, մարդու իրավունքների և սպառազինությունների վերահսկման հետ կապված նկատառումները», – նշվում է փաստաթղթում։
Հրթիռների փոխանցումը կարող է իրականացվել Կոնգրեսի կողմից ծանուցման ուսումնասիրության ժամկետի ավարտից հետո։ Փաստաթուղթը օրենսդիրներին ուղարկվել է օգոստոսի 14-ին, իսկ նման ծանուցումների համար նախատեսված է 15-օրյա ժամկետ, եթե Կոնգրեսը չի առարկում գործարքին։







