Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև հարաբերություններում լարվածություն չկա, իսկ երկու երկրների միջև առկա բոլոր հարցերը քննարկվում են բարեկամական ձևաչափով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ անդրադառնալով Քուրմուխի տաճարի վերաբերյալ Վրաստանի պատրիարքարանի հայտարարությանն ու դրան հաջորդած Ադրբեջանի ԱԳՆ արձագանքին։
Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև բարեկամական հարաբերություններ են ձևավորված, ինչը հնարավորություն է տալիս տարբեր հարցեր քննարկել առանց լարվածության։
«Մեզ մոտ լարվածություն չկա, Ադրբեջանի կառավարության հետ մենք բարեկամական հարաբերություններ ունենք։ Ելնելով այդ բարեկամությունից՝ կարող ենք շատ հեշտությամբ քննարկել բոլոր հարցերը։ Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև բոլոր հարցերը քննարկվում են բարեկամական ռեժիմով»- ասել է Վրաստանի վարչապետը։
Քուրմուխի տաճարը, որի շուրջ առաջացած խնդրին անդրադարձել է Կոբախիձեն, գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Վրացական կողմը եկեղեցին դիտարկում է որպես վրացական քրիստոնեական և մշակութային ժառանգության կարևոր հուշարձան, իսկ եկեղեցու տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող աշխատանքները վերջին շրջանում դարձել են վրացական կողմի ուշադրության առարկա։







