Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի իշխանություններին առաջարկում է մի շարք փոփոխություններ կատարել ընտրական համակարգում։ Մասնավորապես, առաջարկվում է Ընտրական օրենսգրքում հստակ ամրագրել, որ կրկնաքվեարկություն պետք է անցկացվի այն դեպքում, երբ ընտրատեղամասի արդյունքների անվավեր ճանաչումը կարող է էապես ազդել ընտրողների ներկայացվածության վրա։ Այս մասին նշվում է ԵԽԽՎ-ի՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցում։
ԵԽԽՎ-ն առաջարկում է նաև ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնք կարող են ընտրական վեճերով դիմել դատարաններ, երկարացնել բողոքարկման ժամկետները և ավելի ճկուն դարձնել ընտրական խախտումների դեպքում պաշտպանության ու շտկման մեխանիզմները։
Առաջարկների թվում է նաև ընտրական հանձնաժողովների անդամների նշանակման անկախության ամրապնդումը։ ԵԽԽՎ-ն անհրաժեշտ է համարում հստակ կարգավորել նախընտրական շրջանում երրորդ կողմերի ֆինանսավորումը և վարչական ռեսուրսի օգտագործումը, ինչպես նաև արդյունավետ պատժամիջոցներ նախատեսել դրա չարաշահման դեպքերի համար։
Զեկույցում առաջարկվում է ապահովել հանրային հեռարձակողի անաչառությունը և բարձրացնել մասնավոր լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը։ ԵԽԽՎ-ն նաև կոչ է անում ընդլայնել ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմներն ու թվային գրագիտության ծրագրերը։
ԵԽԽՎ-ն առաջարկում է նաև արագացնել տեղահանված և խոցելի ընտրողների քաղաքացիության ու գրանցման գործընթացները, երաշխավորել բոլոր քաղաքական ուժերի խաղաղ հավաքների և բողոքի իրավունքը, ինչպես նաև ընտրությունների հետ կապված գործերով ապահովել պատշաճ դատական գործընթաց։








