Սիրիայի կառավարության և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման ներկայացուցիչները Թուրքիայում գաղտնի հանդիպում են անցկացրել երկու կողմերի միջև լարվածությունը թուլացնելու նպատակով։ Այս մասին հայտնել է «Reuters»-ը։
Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերին՝ Թուրքիայի հետախուզական ծառայության հրավերով։ Հանդիպմանը մասնակցել են Սիրիայի հետախուզության ծառայողները, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները և «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կողմերի միջև առկա անվտանգության խնդիրները։ Սիրիական կողմը «Հեզբոլլահ»-ին հավաստիացրել է, որ չի պատրաստվում ռազմական միջամտություն իրականացնել Լիբանանում խմբավորմանը զինաթափելու նպատակով և իր հերթին խնդրել է դադարեցնել զենքի՝ Սիրիայի տարածքով տեղափոխման փորձերը և վերացնել խմբավորման՝ Սիրիայի հարավում մնացած գաղտնի բջիջները։
Սիրիացի պաշտոնյայի խոսքով՝ «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչները այս պահանջներին ուղղակի պատասխան չեն տվել, սակայն խոստացել են չմիջամտել Սիրիայի ներքին գործերին։ Ըստ «Reuters»-ի՝ կողմերը անվտանգության հարցերում «զգալի առաջընթաց» են գրանցել, սակայն վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել։
Սիրիայի կառավարությունը հերքել է հանդիպման մասին տեղեկությունը՝ հայտարարելով, որ այդ պնդումները կեղծ են։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը ևս հերքել է տեղեկությունը։ «Հեզբոլլահ»-ի մամուլի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանությունից։







