Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է առավել քան երբևէ ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Նա անդրադարձել է նաև Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր վերջին հանդիպմանը, Հայաստանի և Իրանի հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին։
ՀՀ ԱԳՄԱ հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Իրան քաղաքական շփումների ակտիվ օրակարգը: Հատուկ ուշադրություն է հատկացվել ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։ Քննարկվել են Երևանում կայանալիք COP17 համաժողովին ԻԻՀ բարձր մակարդակով մասնակցության հարցեր:
Իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Փեզեշքիանը, խոսելով Իրանում հայերի պատմության մասին, նշել է, որ հայերը երկրում միշտ ճանաչվել են որպես բարի համբավ ունեցող և ազնիվ ժողովուրդ։ Նրա խոսքով՝ այդ պատմությունը երկու ժողովուրդների հարաբերությունների արժեքավոր կապերից է։ Իրանի նախագահը Նյու Յորքում Փաշինյանի հետ հանդիպումը որակել է «շատ լավ և կառուցողական» և նշել, որ երկու երկրները պետք է զարգացնեն հարաբերությունները առևտրի, գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների ոլորտներում ու աջակցեն միմյանց։
Հանդիպման ընթացքում Փեզեշքիանը նաև անդրադարձել է ԱՄՆ-ի հետ Իրանի հարաբերություններին և միջուկային ծրագրի շուրջ տարաձայնություններին։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում երկխոսության, այլ Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը տապալելու նպատակ է հետապնդում։ «Թշնամու հետ, որն ամեն օր ահաբեկչություն, պատժամիջոցներ, ճնշում ու սպառնալիքներ է կիրառում և ուխտադրուժ է, բանակցություններն իմաստ չունեն, և մեր ժողովուրդը նույնպես չի ընդունում նման մոտեցումը»,- նշել է Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ Իրանը պետք է ամրապնդի հարաբերությունները հարևան երկրների հետ և այդ կերպ հակազդի արտաքին ճնշումներին։
Իրանական հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանն իր հերթին գոհունակություն է հայտնել Փեզեշքիանի հետ հանդիպման կապակցությամբ և նրան փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները։ Նա նշել է, որ Հայաստանի և Իրանի բարեկամությունն ու հարաբերություններն օրեցօր ամրապնդվում են, իսկ միջազգային ասպարեզում երկու երկրների համագործակցությունը լավ է ընթանում։
Նույն հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը նշել է, որ չնայած պատժամիջոցներին՝ Հայաստանը վճռականորեն շարունակում է համագործակցությունը Իրանի հետ։ Նա նաև ընդգծել է Հայաստանի խաղաղասեր մոտեցումը՝ նշելով, որ Հայաստանը ձգտում է խաղաղության և այդ ճանապարհի շրջանակում ցանկանում է առավել քան երբևէ զարգացնել Հայաստանի և Իրանի համագործակցությունը։








