Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ։ Կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացումը, ենթակառուցվածքային ծրագրերն ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիները։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։
ՀՀ ԱԳՄԱ նախարարության հաղորդմամբ՝ հանդիպմանը կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունը՝ որպես Հայաստանի և Իրանի քաղաքական երկխոսության կարևոր բաղադրիչ։ Կողմերը նշել են, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և բարեկամության վրա և ունեն ռազմավարական բնույթ։ Քննարկվել են նաև Հայաստանն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման և բեռնափոխադրումների սահուն ընթացքի ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման արդյունքում երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարները, որոնք նոր հնարավորություններ կընձեռեն տարածաշրջանի բոլոր երկրների համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության հետագա խթանման հարցերի շուրջ՝ որպես խաղաղության և ժողովուրդների բարեկեցության ամրապնդմանը նպաստող կարևոր գործոն:
Իրանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը թույլ չի տա իր տարածքից որևէ գործողություն իրականացնել Իրանի դեմ։ Նույն հաղորդագրության համաձայն՝ նա ընդգծել է, որ Երևանի համար կարևոր է տարածաշրջանի երկրների սահմանների անփոփոխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։
Իրանի խորհրդարանի նախագահը, իր հերթին, բարձր է գնահատել պատերազմի ընթացքում Հայաստանի ժողովրդի և կառավարության դիրքորոշումն ու քայլերը Իրանի կողքին լինելու հարցում՝ նշելով, որ այդ աջակցությունը դրական հիշողություն է թողել իրանցիների մոտ։ Ղալիբաֆը նաև շնորհավորել է Հայաստանում ընտրությունների անցկացումը և նոր խորհրդարանի ու կառավարության ձևավորումը՝ ընդգծելով, որ Իրանի քաղաքականությունն է զարգացնել և ամրապնդել հարաբերությունները հարևան երկրների հետ։
Ղալիբաֆը հայտնել է, որ հույս ունի՝ շուտով վերջնական տեսքի կբերվի Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական համագործակցության պայմանագիրը։ Նա նաև խոսել է Կովկասում հաղորդակցության ուղիների շուրջ երկկողմ քննարկումների հնարավորության մասին և հայտարարել, որ տարածաշրջանի խաղաղությունը պետք է հիմնված լինի պաշտոնական սահմանների ամրապնդման վրա։ Իրանի խորհրդարանի նախագահը նաև իր կարծիքն է հայտնել արտատարածաշրջանային դերակատարների ներգրավվածության վերաբերյալ՝ նշելով, որ Կովկասը չպետք է վերածվի օտար տերությունների աշխարհաքաղաքական մրցակցության վայրի։
Իրանի խորհրդարանի հաղորդագրության համաձայն՝ Ղալիբաֆը նաև խոսել է ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի անվստահության մասին և քննադատել Վաշինգտոնի քաղաքականությունը։ Նա նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տարանցման, էներգետիկայի և այլ ոլորտներում։








