Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո երկկողմ հարաբերությունների օրակարգը, ինչպես նաև ռազմավարական գործընկերության խարտիայով նախատեսված ուղղություններով աշխատանքային խմբերի գործունեությունը։
Կողմերն անդրադարձել են նաև 2026 թվականին երկկողմ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին և էներգետիկայի, ներդրումների, թվային տեխնոլոգիաների ու առևտրի ոլորտներում համագործակցությանը։
Բայրամովը, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, ներկայացրել է նաև Ադրբեջանի մոտեցումները տարածաշրջանային կայունության և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ, սակայն հաղորդագրության մեջ չի մանրամասնվում, թե կոնկրետ որ հարցերն են քննարկվել։







