Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Կարմիր ծովի հարավում գտնվող Բաբ էլ-Մանդեբի նեղուցի վերահսկողությունը ստանձնելու և Մոխա քաղաքի գրավման մասին։ Հայտարարությունները հնչել են հութիների դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկից հետո։
Եմենի զինված ուժերի հայտարարության համաձայն՝ կառավարական ուժերը, Սաուդյան Արաբիայի օդային աջակցությամբ, գրավել են Մոխան: Reuters-ի և AFP-ի հետ զրուցած աղբյուրները, սակայն, հայտնել են, որ կառավարական ուժերը հասել են միայն քաղաքի ծայրամասեր և չեն հաստատել դրա գրավումը։
Կառավարական ուժերը, ըստ այդ աղբյուրների, վերահսկողության տակ են վերցրել Դհուբաբի ռազմական օդանավակայանը և կտրել Դհուբաբը Բաբ էլ-Մանդեբի շրջանին կապող ճանապարհը։
Հութիներն իրենց հերթին հերքել են Բաբ էլ-Մանդեբի և Մոխայի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին տեղեկությունները՝ դրանք անվանելով «սաուդյան քարոզչություն»։ Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ՝ հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հրթիռների և անօդաչու սարքերի հարվածների մասին։ Նրանց պնդմամբ՝ թիրախավորվել են Ռիադի օդանավակայանը, «Saudi Aramco»-ի նավթավերամշակման գործարանը, Աբհայի օդանավակայանը և այլ օբյեկտներ։
Հիշեցնենք, որ Բաբ էլ-Մանդեբը ռազմավարական նշանակություն ունեցող նեղուց է, որը Կարմիր ծովը կապում է Ադենի ծոցի հետ: Դրա նշանակությունը հատկապես մեծանում է Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին:
Հավելենք, որ Եմենում Իրանի աջակցությունը վայելող հութիների և կառավարական ուժերի միջև հակամարտությունը սկսվել է 2014 թվականին, իսկ 2015-ին դրան միջամտել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան։ Վերջին ամիսներին մարտերը կրկին սրվել են։








