Եվրամիությունում գազի գները փետրվարից աճել են 140%-ով, իսկ դիզվառելիքի գինը կրկնապատկվել է։ Այս մասին հոկտեմբերի 1-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ էներգակիրների թանկացումը մեծացնում է ինչպես բնակչության, այնպես էլ եվրոպական արդյունաբերության ծախսերը։ Ըստ նրա՝ ներմուծվող հանածո վառելիքի թանկացման հետևանքով Եվրոպան լրացուցիչ 100 միլիարդ եվրոյի ծախս է կրել՝ առանց լրացուցիչ էներգիա ստանալու։
Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ ԵՄ-ն պետք է կարճաժամկետ միջոցներ ձեռնարկի էներգիայի բարձր գների ազդեցությունը մեղմելու համար, իսկ երկարաժամկետ հեռանկարում շարունակի նվազեցնել կախվածությունը ներմուծվող նավթից և գազից։
Նա նաև նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազի ներմուծումից։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ներկայում ռուսական գազը կազմում է ԵՄ գազի ներմուծման մոտ 12%-ը՝ 2022 թվականի 45%-ի փոխարեն։







