Սիրիան քննարկում է Եմենի հութիների դեմ պատերազմում Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն տրամադրելու հնարավորությունը։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով անանուն ԱՄՆ պաշտոնյայի և սիրիացի ռազմական պաշտոնյայի։
Դիտարկվում են ինչպես Սաուդյան Արաբիան հարձակումներից պաշտպանելու նպատակով օգնության տրամադրումը, այնպես էլ հութիների դեմ մարտերում սաուդամետ եմենական ուժերին աջակցելու համար զորքերի տեղակայումը։
Էր Ռիադին օգնության տրամադրման հարցը քննարկվել է նաև հոկտեմբերի 6-ին Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի Սաուդյան Արաբիա այցի ընթացքում: Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Էր Ռիադը Դամասկոսին խնդրել է ուժեր ուղարկել հութիների դեմ կռվելու համար։
Սիրիացի դիվանագետը Reuters-ին հայտնել է, որ Դամասկոսն աջակցում է Սաուդյան Արաբիային, սակայն կառավարության առաջնահերթությունը շարունակում է մնալ երկրի ներքին խնդիրները, այդ թվում՝ քաղաքացիական պատերազմից հետո վերականգնումը։ Նրա խոսքով՝ եթե Սաուդյան Արաբիան ռազմական համագործակցության կամ փորձի փոխանակման առաջարկ ներկայացնի, այն կիրականացվի բացառապես պաշտոնական ուղիներով և երկու երկրների միջև գործող երկկողմ պայմանավորվածությունների շրջանակում։
Ըստ Reuters-ի՝ Դամասկոսի համար հնարավոր ռազմական ներգրավվածությունը նաև ռիսկեր է պարունակում.Սիրիայի նոր իշխանությունները շարունակում են նախկին ընդդիմադիր զինված խմբավորումներից միասնական բանակ ձևավորել և փորձում են խուսափել արտաքին հակամարտություններին մասնակցելուց՝ կենտրոնանալով երկրի վերականգնման վրա։
Բացի այդ, Սիրիայի հնարավոր մասնակցությունը հութիների դեմ պատերազմին կարող է կրոնական ենթատեքստ ստանալ։ Հութիները շիական իսլամի ուղղություններից մեկի հետևորդներ են, իսկ Սիրիայի բանակի կազմում ընդգրկված նախկին զինված խմբավորումների մի մասը սուննիական իսլամիստական ուժեր են եղել։ Այդ մտահոգությամբ Դամասկոսն ավելի վաղ մերժել էր Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ պայքարին աջակցելու ամերիկյան խնդրանքը։ Հութիների դեմ գործողություններին մասնակցությունը կարող է նաև թշնամական քայլ ընկալվել Իրանի և նրա տարածաշրջանային դաշնակիցների կողմից։
Միաժամանակ ալ Շարաան ձգտում է աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային, որը ֆինանսական օգնություն է տրամադրել Սիրիային և նպաստել նրա նոր ղեկավարության միջազգային ճանաչմանը։ Մասնավորապես՝ Մուհամմադ բին Սալմանի միջնորդությամբ 2025 թվականի մայիսին կայացել էր ալ Շարաայի հանդիպումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Լոնդոնի Թագավորական միացյալ ծառայությունների ինստիտուտի (RUSI) ավագ գիտաշխատող Հ. Ա. Հելլյերը Reuters-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել է, որ Սիրիայի կողմից Մեքքա և Մեդինա քաղաքների պաշտպանության նպատակով փոքրաթիվ անձնակազմի և անօդաչու սարքերի դեմ պայքարի տեխնիկական աջակցության տրամադրումը կարող էր լինել խորհրդանշական քայլ։ Միաժամանակ, նրա խոսքով, սիրիական ուժերի ավելի լայն, հատկապես ցամաքային, ներգրավումը Դամասկոսի համար այլ բնույթի որոշում կլիներ, որը, հաշվի առնելով Սիրիայի ներքին առաջնահերթությունները, քիչ հավանական է։
Նշենք, որ Եմենում իրադրության սրման և Սաուդյան Արաբիայի դեմ հութիների գործողությունների ֆոնին Էր Ռիադը ռազմական աջակցության խնդրանքով դիմել է մի շարք երկրների՝ ԱՄՆ-ին, եվրոպական պետություններին և Մերձավոր Արևելքի երկրներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի» շրջանակում Թուրքիան և Պակիստանը զորքերի արագ տեղակայում կիրականացնեն Սաուդյան Արաբիայում։








