Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ ՌԴ հարվածները, որոնց թիրախում են հայտնվել կամուրջներն ու կարևոր ենթակառուցվածքները, ձմռան շեմին Կիևը կանգնեցրել են գոյատևման լուրջ մարտահրավերների առաջ։ Region Monitor-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 8-ին AFP գործակալության հետ զրույցում հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Կլիչկոյի խոսքով՝ քաղաքում իրավիճակը գնալով բարդանում է, իսկ ռուսական հարվածները լուրջ վտանգ են ներկայացնում մայրաքաղաքի բնականոն գործունեության համար։
«Ամեն օր նոր տեղեկություններ ենք ստանում ավերված շենքերի, վիրավորված և ողբերգականորեն զոհված մարդկանց մասին, քանի որ մեր քաղաքի գնդակոծություններն ուժգնանում են։ Այսօր խոսքը գոյատևման մասին է»,- հոկտեմբերի 8-ին AFP գործակալության հետ զրույցում ասել է Կլիչկոն։
Քաղաքապետի խոսքով՝ Ռուսաստանի հարվածները վերջին շրջանում ավելի հաճախ են ուղղվում Կիևի կարևոր ենթակառուցվածքների դեմ։ Թիրախավորվում են Դնեպր գետի վրայով անցնող հիմնական կամուրջները, իսկ էներգետիկ համակարգի վնասումները հանգեցնում են էլեկտրամատակարարման պարբերական խափանումների։
Կլիչկոն ընդգծել է, որ մայրաքաղաքի ձախ և աջ ափերի միջև կապի պահպանումը կենսական նշանակություն ունի քաղաքի բնականոն գործունեության համար։ Երթևեկության խափանումների և ծանրաբեռնվածության նվազեցման նպատակով քաղաքային իշխանությունները դիտարկում են նաև ժամանակավոր անցումների կառուցման հնարավորությունը։
Հոկտեմբերի 8-ին էլեկտրամատակարարման խափանումների պատճառով դադարեցվել է Կիևի մետրոպոլիտենի աշխատանքը։ Նույն օրը ռուսական հարվածների հետևանքով մայրաքաղաքում երեք մարդ է զոհվել։ Ավելի վաղ հարձակումների հետևանքով քաղաքի որոշ հատվածներում ժամերով ընդհատվել էր նաև ջրամատակարարումը։ Կլիչկոն նախազգուշացրել է, որ ջրային ենթակառուցվածքների լուրջ վնասումը կարող է լայնածավալ ճգնաժամի հանգեցնել։
Ըստ ուկրաինացի պաշտոնյայի՝ քաղաքային իշխանությունները ձմռանը պատրաստվելու նպատակով ստեղծում են ջեռուցման պահուստային համակարգեր և կուտակում վառելիքի, սննդամթերքի ու խմելու ջրի պաշարներ։ Այնուամենայնիվ, քաղաքապետը մտահոգություն է հայտնել, որ նույնիսկ նախապատրաստական միջոցառումները կարող են բավարար չլինել, եթե հակաօդային պաշտպանությունը չկարողանա արդյունավետորեն կանխել հարձակումները։
«Անկախ նրանից, թե որքան լավ կպատրաստվենք, եթե հակաօդային պաշտպանությունը չգործի արդյունավետ, կարող ենք հայտնվել շատ բարդ իրավիճակում»,- նշել է Կլիչկոն։
BBC-ին հայտնում է, որ Կիևի ուղղությամբ ռուսական հարվածների հաճախակիացման, էլեկտրամատակարարման, ջեռուցման համակարգերի խափանումների և անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով որոշ բնակիչներ արդեն լքում են մայրաքաղաքը՝ ձմեռն ավելի անվտանգ վայրում անցկացնելու համար։








