Էր Ռիադի օդանավակայանի ուղղությամբ մահացու հարվածներից օրեր առաջ Սաուդյան Արաբիան դադարեցրել էր բնակչությանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակումների մասին ծանուցումներ ուղարկելը։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում օդանավակայանի ուղղությամբ չորս հարված է իրականացվել, որոնց հետևանքով առնվազն 18 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։ Region Monitor-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։
Սաուդյան իշխանությունները չեն պարզաբանել, թե ինչու այդ ժամանակ հարձակումների հնարավոր վտանգի մասին ծանուցումներ չեն ուղարկվել բնակչությանը։ Երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը մայիսից բջջային հեռախոսների և սոցիալական ցանցերի միջոցով բնակչությանը տեղեկացրել է հնարավոր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին։ Վերջին նման ծանուցումը հրապարակվել է սեպտեմբերի 29-ին։
«Reuters»-ի զրուցակիցների խոսքով՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները նախազգուշացումները դադարեցրել էին, քանի որ դրանք խանգարում էին մարդկանց առօրյային, իսկ շատ քաղաքացիներ բողոքել են գիշերային ծանուցումներից։ Իշխանությունները, սակայն, այս տեղեկությունը չեն մեկնաբանել։
Հոկտեմբերի 12-ին քաղաքացիական պաշտպանության ծառայությունը վերսկսել է նախազգուշացումների տարածումը՝ զգուշացնելով Ռիադում և երկրի հարավային շրջաններում հնարավոր սպառնալիքների մասին։
Մինչ այդ, ըստ գործակալության աղբյուրների, Սաուդյան Արաբիայում արևմտյան երկրների դեսպանատները սեփական նախազգուշացումներ էին ուղարկում իրենց աշխատակիցներին՝ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակումների մասին։







