Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի շատ է շահագրգռված Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում, քան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդում է «DW»-ն։
Մեկնաբանելով Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարի խախտման մասին հարցը՝ Թրամփն ասել է, որ անհրաժեշտ է նախ ուսումնասիրել իրավիճակը, քանի որ, իր խոսքով, խախտումներ եղել են երկու կողմերից էլ։
Ավելի վաղ Զելենսկին ԱՄՆ-ին կոչ էր արել ազդել Ռուսաստանի վրա՝ էներգետիկ օբյեկտների դեմ հարձակումները դադարեցնելու և հրադադարի պայմանները պահպանելու համար։ Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է պահպանել էներգետիկ հրադադարը, սակայն առայժմ Ռուսաստանը չի կատարում այդ պայմանները։








