Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումների շուրջ առաջացած խնդիրը նոր լարվածություն է առաջացրել Բաքվի և Անկարայի հարաբերություններում։
Վերջին շաբաթներին ադրբեջանական մի շարք դպրոցներում գլխաշորով աշակերտուհիներին դասերին մասնակցելու թույլտվություն չտալու միջադեպերը քննադատության են արժանացել Թուրքիայի քաղաքական և կրոնական շրջանակներում։
Թուրքիայում գլխաշորի սահմանափակումների հարցը պատմականորեն զգայուն թեմա է։ Երկրում երկար տարիներ գործել են պետական հաստատություններում և ուսումնական հաստատություններում գլխաշոր կրելու սահմանափակումներ, որոնք աստիճանաբար վերացվել են 2010-ական թվականներին։
Թուրքական իշխանամետ լրատվամիջոցներից մի քանիսը Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը համեմատել են 1997 թվականի փետրվարի 28-ի իրադարձությունների հետ, երբ Թուրքիայում զինվորականների ճնշման ներքո ընդունված որոշումները հանգեցրել էին կրոնական հագուստի նկատմամբ սահմանափակումների խստացմանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ սեպտեմբերի 22-23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում քննադատել էր դպրոցներում գլխաշորի սահմանափակումները՝ դրանք բնորոշելով որպես կանանց հիմնարար իրավունքների խախտում։ Սակայն Թուրքիայի նախագահը որևէ երկիր չէր հիշատակել։
Իսկ հոկտեմբերի 2-ին Ալիևը, առանց որևէ երկիր նշելու, հայտարարել էր, որ մյուս պետությունները պետք է իմանան իրենց տեղը և չմիջամտեն Ադրբեջանի ներքին գործերին։ Թուրքական մամուլում այդ հայտարարությունը մեկնաբանվել էր որպես Անկարային ուղղված անուղղակի պատասխան։
Վերջին օրերին հարցի շուրջ տարաձայնությունները կրկին սրվել են հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահի խորհրդականը հրապարակավ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին, իսկ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած «Նոր Ադրբեջան» կուսակցությունը պատասխանել է կոշտ հայտարարությամբ՝ զգուշացնելով երկկողմ հարաբերությունների համար հնարավոր բացասական հետևանքների մասին։
Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը հոկտեմբերի 13-ին հայտարարություն է տարածել՝ քննադատելով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչների դիրքորոշումը։ Կուսակցությունը նրանց հայտարարությունները որակել է «պոպուլիստական և անպատասխանատու»՝ թուրքական կողմին կոչ անելով հրաժարվել «վնասակար քաղաքականությունից»։
Հայտարարությանը նախորդել էր Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի՝ հոկտեմբերի 12-ին X սոցիալական ցանցում կատարած գրառումը։ Նա անընդունելի էր համարել Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումը և Բաքվին կոչ արել հնարավորինս շուտ հրաժարվել այդ գործելակերպից։
«Գլխաշորը խոչընդոտ չէ, հավատքի պահանջ է։ Կրթության իրավունքը չի կարող զոհաբերվել որևէ գաղափարական պարտադրանքի»,- գրել էր Սարալը։
Նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԱԶԿ-ի Բուրսայի պատգամավոր Մյուֆիթ Այդընը՝ պահանջելով Ադրբեջանից անհապաղ դադարեցնել սահմանափակումները։
Ի պատասխան՝ «Նոր Ադրբեջան» կուսակցությունը հայտարարել է, որ թուրք քաղաքական գործիչների քննադատությունն անտեսում է Ադրբեջանի սահմանադրական կարգը և կրոնի ազատության իրավական հիմքերը։ Կուսակցության գնահատմամբ՝ այլ պետությունների ներքին գործերին միջամտելու փորձերն անընդունելի են՝ անկախ երկու երկրների միջև առկա քաղաքական և մշակութային կապերից։
Ադրբեջանի իշխող կուսակցությունը նաև մեղադրել է թուրքական որոշ լրատվամիջոցների՝ երկրի վերաբերյալ կեղծ և կողմնակալ տեղեկություններ տարածելու մեջ։ Հայտարարության մեջ զգուշացվել է, որ նմանատիպ հրապարակումներն ու քաղաքական գնահատականները կարող են վնասել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին։
Նշենք, որ այս հայտարարությունների ֆոնին հոկտեմբերի 13-ին Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության և Անկարայում դեսպանատան մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել։

Թուրքական քաղաքական շրջանակներում, այնուամենայնիվ, հարցի վերաբերյալ միասնական դիրքորոշում չկա։ Թուրքիայի ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական կուսակցության» նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կոչ է արել Ադրբեջանին չսահմանափակել կանանց հագուստի ընտրությունը՝ հիշեցնելով, որ Թուրքիան նախկինում նմանատիպ խնդիրներ է ունեցել։
Իսկ Ազգայնական շարժում կուսակցության փոխնախագահ Իսմայիլ Օզդեմիրը հայտարարել է, որ առաջացած տարաձայնությունները չեն կարող խաթարել Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական հարաբերությունները։ Նա հիշատակել է նաև երկու երկրների միջև ստորագրված Շուշիի հռչակագիրը՝ ընդգծելով դաշնակցային կապերի կարևորությունը։
Նշենք, որ տարաձայնությունների պատճառ է դարձել սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի կառավարության ընդունած թիվ 309 որոշումը, որը վերաբերում է հանրակրթական հաստատություններում աշակերտների հագուստին։ Փաստաթղթով սահմանափակվում են դպրոցական համազգեստի այն տարրերը, որոնք խախտում են սահմանված հագուստի ամբողջականությունը կամ չեն համապատասխանում աշխարհիկ կրթության սկզբունքներին։
Դրան նախորդել էին հուլիսին «Ընդհանուր կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ամրապնդել են կրթության աշխարհիկ բնույթը։ Հոկտեմբերի 6-ին կառավարությունը հաստատել է նաև ուսուցիչների արտաքին տեսքին վերաբերող կանոններ՝ նախատեսելով աշխարհիկ կրթության սկզբունքներին համապատասխան գործնական հագուստ։







