Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապելը սխալ քաղաքական մոտեցում է, որը չի նպաստում տարածաշրջանային խաղաղությանը։ Այս մասին հայ և թուրք լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մեհմեթ Քայան։
Հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ գործարար շրջանակների պահանջների և այդ գործընթացում Ադրբեջանի դերի վերաբերյալ Region Monitor-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Քայան նշել է, որ պալատը մշտապես բարձրաձայնում է հարևան երկրների հետ առևտրի զարգացման անհրաժեշտությունը։
«Տարիներ շարունակ վարվող քաղաքականության հետևանքով Հայաստան-Ադրբեջան խնդիրը վերածվել է Թուրքիա-Հայաստան խնդրի։ Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում չէ։ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները երրորդ երկրի միջոցով սահմանելը ճիշտ քաղաքականություն չէ։ Այդ քաղաքականությունը չի նպաստում տարածաշրջանային խաղաղությանը։ Անհրաժեշտ է անցնել երկու երկրների նկատմամբ հավասար հեռավորություն պահպանող և խաղաղությունն առաջնահերթ համարող քաղաքականության»,- հայտարարել է Քայան։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքական խնդիրները չպետք է խոչընդոտեն երկու հասարակությունների, հատկապես՝ գործարար շրջանակների շփումներին։
Քայան ընդգծել է, որ Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատն ու հասարակական կազմակերպությունները չեն խզել կապերը Հայաստանի գործընկերների հետ և պատրաստ են աջակցել հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Պալատի նախագահը կարևորել է նաև հայ-թուրքական սահմանի բացումը՝ նշելով, որ դրանից հատկապես կշահեն Թուրքիայի սահմանամերձ Վան, Կարս և Իգդիր քաղաքները։
«Այդ անցակետերը վաղ թե ուշ բացվելու են։ Կամ խելքի կգանք և որպես բարեկամներ կբացենք դրանք, կամ տնտեսական ճգնաժամերը մեզ կստիպեն դա անել»,- ասել է Քայան։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի զարգացումը կարող է նպաստել նաև հասարակություններում առկա նախապաշարմունքների հաղթահարմանը և տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը։
Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել հայ և թուրք լրագրողների համատեղ մեդիա շրջայցի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան–Թուրքիա կարգավորմանը. անդրսահմանային կապերի ընդլայնում» ծրագրով։ Ծրագիրն իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Հրանտ Դինք հիմնադրամը և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը՝ TEPAV-ը։









