Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ Բաքվում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին ջերմ ընդունելության արժանացնելու համար։ Այս մասին հայտնում է Iranist-ը։
Վելայաթին անդրադարձել է Բաքվում անցկացված Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցության (CICA) գագաթնաժողովին՝ համեմատելով Իսրայելի նախագահի ելույթի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերմունքը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի պատվիրակությունը Հերցոգի ելույթի ժամանակ լքել է նիստերի դահլիճը, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները ջերմ ընդունելություն են կազմակերպել Իսրայելի նախագահի համար։
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականն անդրադարձել է նաև Ադրբեջանում հիջաբ կրող աշակերտուհուն դպրոց մուտք գործելն արգելելու դեպքին։ Այս համատեքստում նա կասկածի տակ է դրել Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) առաջիկա գագաթնաժողովն Ադրբեջանում անցկացնելու նպատակահարմարությունը։
«Իսլամական աշխարհը Բաքվի իրադարձություններից շատ հստակ ուղերձ ստացավ՝ պահպանել հավատքը, թե՞ բարեկամություն անել Թել Ավիվի հետ»,- հայտարարել է Վելայաթին։







