Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ քաղաքական կուսակցությունների արգելումը սահմանադրական գործիք է, որը նախատեսված է նաև ժողովրդավարական երկրների մեծ մասի սահմանադրություններով։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու հարցը պետք է դիտարկել նախևառաջ իրավական, ոչ թե քաղաքական տեսանկյունից, հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքը։
Նշենք, որ սեպտեմբերին իշխող ուժը Սահմանադրական դատարան է ներկայացրել հայց՝ հինգ ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու պահանջով։ Դրանք են՝ «Միացյալ ազգային շարժումը», «Փոփոխությունների կոալիցիան», «Ուժեղ Վրաստան Լելոն», «Ֆեդերալիստները» և «Գախարիան՝ հանուն Վրաստանի»։ Հայցը ներկայացվել է խորհրդարանի 88 պատգամավորի անունից։
Իշխող ուժը պնդում է, որ այդ կուսակցությունները հակասում են երկրի սահմանադրական կարգին։ Հայցի հիմնավորումներից մեկն այն է, որ ընդդիմադիր ուժերը տարիներ շարունակ կասկածի տակ են դրել գործող իշխանության և իշխող կուսակցության լեգիտիմությունը։ «Վրացական երազանքը» նման գործողությունները դիտարկում է որպես սահմանադրական կարգին հակասող վարքագիծ։ Սակայն այդ պնդումները դեռ դատարանի վերջնական գնահատականը չեն։
Կոբախիձեի խոսքով՝ կուսակցությունների արգելման գործընթացի մեկնարկն ինքնին չի նշանակում, որ երկրում ժողովրդավարությունը խաթարվում է։ Նա որպես օրինակ հիշատակել է Ուկրաինան և Մոլդովան՝ նշելով, որ այդ երկրներում ևս քաղաքական կուսակցություններ են արգելվել։ Վարչապետը կոչ է արել քննադատներին նախ ծանոթանալ հայցի բովանդակությանը, ապա՝ դատարանի որոշմանը, և միայն դրանից հետո իրավական գնահատականներ տալ։
Վրաստանի Սահմանադրական դատարանը հայցն ընդունել է ըստ էության քննության։ Լսումները նախատեսված են հոկտեմբերի 21-23-ին։ Դատարանը պետք է որոշի՝ արդյոք կան իրավական հիմքեր նշված կուսակցությունների գործունեությունն արգելելու համար։







