Եվրամիությունը պատրաստ է հոգալ Ուկրաինայի՝ 2027 թվականի ռազմական կարիքների համար պահանջած լրացուցիչ 70 մլրդ եվրոյի շուրջ երկու երրորդը՝ մոտ 46,7 մլրդ եվրո։ Region Monitor-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն սովորաբար ծածկում է Ուկրաինայի ֆինանսական կարիքների երկու երրորդը։ Կոշտան նշել է, որ Եվրոպական հանձնաժողովն այժմ մշակում է լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու առաջարկներ, և ակնկալվում է, որ համապատասխան որոշումը կընդունվի նոյեմբերին։
Եթե նոյեմբերի 26-27-ին նախատեսված արտահերթ հանդիպմանը եվրոպական առաջնորդներին չհաջողվի համաձայնության գալ, հարցը կքննարկվի դեկտեմբերի 17-18-ին կայանալիք նիստում։ ԵՄ-ն նաև կոչ է արել Մեծ Բրիտանիային, Կանադային և Նորվեգիային ավելացնել Ուկրաինայի ֆինանսական աջակցությունը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևին 2027 թվականին ռազմական կարիքների համար անհրաժեշտ է լրացուցիչ 70 մլրդ եվրո։ Մինչև այդ ԵՄ երկրներն արդեն համաձայնել էին առաջիկա երկու տարվա ընթացքում Ուկրաինային տրամադրել 90 մլրդ եվրո։








