Վրաստանը 2012 թվականից ի վեր առաջին անգամ կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը՝ հայտնվելով «մասամբ ազատ» երկրների շարքում։ Այս մասին «Region Monitor»-ի փոխանցմամբ նշվում է միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպության 2026 թվականի զեկույցին։
«Freedom on the Net 2026» զեկույցում Վրաստանը ստացել է 68 միավոր՝ հնարավոր 100-ից։ Նախորդ տարի երկրի ցուցանիշը 70 էր, իսկ 2022 թվականին՝ 78։
«Freedom House»-ի գնահատմամբ՝ Վրաստանի դիրքերի վատթարացումը պայմանավորված է առցանց ակտիվության և իշխող «Վրացական երազանք» կուսակցության նկատմամբ քննադատական արտահայտությունների սահմանափակումներով։
«Վրաստանի կարգավիճակը «ազատից» փոխվել է «մասամբ ազատի», քանի որ իշխանությունները շարունակել են ճնշել առցանց ակտիվությունն ու իշխող «Վրացական երազանք» կուսակցության նկատմամբ քննադատական համարվող արտահայտությունները»,- նշվում է զեկույցում։
Կազմակերպությունն արձանագրել է, որ հաշվետու ժամանակահատվածում՝ 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 31-ը, Վրաստանում մի շարք հասարակական գործիչներ և լրագրողներ Facebook-ում կատարած հրապարակումների համար տուգանվել են հազարավոր լարիներով։
«Freedom House»-ը համացանցի ազատությունը գնահատում է երեք հիմնական չափանիշով՝ ինտերնետ հասանելիության խոչընդոտներ, առցանց բովանդակության սահմանափակումներ և օգտատերերի իրավունքների խախտումներ։
Կազմակերպության մեթոդաբանությամբ՝ 70-100 միավոր ստացած երկրները դասվում են «ազատ», 40-69 միավոր ստացածները՝ «մասամբ ազատ», իսկ 0-39 միավոր ունեցողները՝ «ոչ ազատ» երկրների շարքին։
Զեկույցի համաձայն՝ աշխարհում ինտերնետի ազատությունը նվազել է արդեն 16-րդ տարին անընդմեջ։ Ուսումնասիրված 38 երկրներից 16-ում արձանագրվել է իրավիճակի վատթարացում, իսկ ութում՝ բարելավում։
Ամենամեծ անկումը գրանցվել է Իրանում, որը Չինաստանի և Մյանմայի հետ դասվել է համացանցի առավել սահմանափակ միջավայր ունեցող երկրների շարքին։ Ամենաբարձր գնահատականը ստացել է Էստոնիան։








