Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիայի մի շարք դրույթներ և միջազգային պարտավորություններ հայ զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ, այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության YouTube-յան ալիքի «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Ոտնահարվել է գերու արժանապատվությունը, խոսքի ազատության իրավունքը, և, ընդհանրապես, ազգային պատկանելության նկատմամբ ոտնձգություն է տեղի ունեցել», – ասաց Հովհաննիսյանը:
Ընդ որում, փորձագետը նշեց՝ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանում գերի գտնվող հային չեն կարողանում այցելել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները:
«Ընդհանրապես, մեր ռազմագերիները նմանատիպ վերաբերմունքի են «արժանանում»: Եղել են դեպքեր, որ նույնիսկ մեկ-երկու տարի հետո են նրանց այցելել Կարմիր խաչից: Բայց այստեղ ես պետք է ոչ թե կենտրոնանամ Կարմիր խաչի վրա, այլ Ադրբեջանի այսպես կոչված «Մարդու իրավունքների պաշտպանի» գործունեության վրա: Նա ևս չի այցելել ռազմագերուն, ինչը ևս խոսում է այն մասին, որ այնտեղ մարդու իրավունքները, որպես այդպիսին, գոյություն չունեն, և որ Ադրբեջանում չկա ռազմական էթիկա»,- ասաց Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Ադրբեջանի ՊՆ մոլորվածին ներկայացնում է որպես դիվերասանտ, ինչը չի համապատասխանում իրականությանը։