Դեկտեմբերի 3-ին կայանալիք Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի մեջլիսի ընդլայնված նիստը կարող է վերջինը դառնալ 5-րդ գումարման խորհրդարանի համար: Այդ մասին հայտարարել է Միլլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը:
Ադրբեջանական «Haqqin.az» տեղեկատվական կայքի փոխանցմամբ` Միլլի Մեջլիսը որոշել է դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների նշանակման հարցով:
Նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել 99 ձայնով:
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանում տեղի է ունեցել իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում որոշում է ընդունվել ցրել խորհրդարանը: Իշխող կուսակցության խմբակցությունը մեծամասնություն ունի Միլի մեջլիսում: Որոշումը բացատրվել է նրանով, որ Միլլի մեջլիսի կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը, և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին:
Նշենք, որ Ադրբեջանում խորհրդարանը ընտրվում է 5 տարի ժամկետով: Վերջին խորհրդարանական ընտրությունն անցկացվել էր 2015թ նոյեմբերի 1-ին: Հաջորդ ընտրությունը պետք է տեղի ունենար 2020թ. նոյեմբերին: