Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում կիրակնօրյա աղոթքի ավարտին կրկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորելու կոչ է հղել` նշելով, որ Արցախում տեղի ունեցող պատերազմը ողբերգություն է։
«Չմոռանանք ինչ է կատարվում այսօր Լեռնային Ղարաբաղում, որտեղ զինված բախումները հաջորդում են դյուրաբեկ զինադադարներին՝ զոհերի ողբերգական աճով, քաղաքացիական բնակավայրերի, ենթակառուցվածքների և աղոթատեղիների ոչնչացմամբ, խաղաղ բնակչության զանգվածային թիրախավորումներով: Նորոգում եմ իմ սրտագին կոչը հակամարտության կողմերին, որպեսզի որքան հնարավոր է շուտ կասեցնեն անմեղ արյան հեղումը: Չպետք է մտածել հարցը բռնությամբ լուծելու մասին, այլ հանձնառու լինել՝ վարելու անկեղծ բանակցություններ, միջազգային հանրության օգնությամբ»,-նշել է Հռոմի պապը Սբ Պետրոսի տաճարի հրապարակում հավաքված հավատավորների համար իր ելույթում:
Նա զորակցություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր տառապել են և հայցել սրբերի բարեխոսությունը տարածաշրջանի կայուն խաղաղության համար:
Ֆրանցիսկոս պապը խաղաղության կոչ էր հղել նաև հոկտեմբերի 11-ին աղոթքից հետո: