Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում եռակողմ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել է երեք երկրների ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կետերի իրականացման ընթացքը:
Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին և անձամբ Վլադիմիր Պուտինին՝ ռազմական գործողությունների դադարեցմանը նպաստելու, տարածաշրջանում խաղաղապահ զորախումբ տեղակայելու, հակամարտության հետագա լուծմանն ուղղված ջանքեր գործադրելու, Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքը վերականգնելու և արցախահայության բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ ձեռնարկվող հետևողական քայլերի համար:
Վարչապետն ընդգծել է, որ հայկական կողմի համար անկյունաքարային ու սկզբունքային է գերիների վերադարձի, մեր զինվորների որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: ՀՀ կառավարության ղեկավարի համոզմամբ՝ վերը նշված խնդիրների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացումը միայն անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի տնտեսական և տրանսպորտային այլ դրույթների մշակման համար:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմի հետևանք է և ներառում է դրույթներ, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո մշակված բազային դրույթների մի մասն են միայն: ՀՀ վարչապետն ընդգծել է՝ այն բազային դրույթների և սկզբունքների մի մասը, որոնք դեռևս չեն իրականացվել, չեն կարող անտեսվել: Կառավարության ղեկավարի խոսքով՝ միայն քաղաքական և դիվանագիտական ջանքերը, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների և, մասնավորապես, ազգերի ինքնորոշման իրավունքը հարգելու ու պահպանելու վրա, կարող են ճանապարհ հարթել պատերազմի պատճառների ու հետևանքների վերացման համար:
«Միայն նրանք կարող են կայուն խաղաղություն և ներդաշնակություն բերել` հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության մեջ նշված նպատակների վրա: Հայաստանը պատրաստ է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` հիմնարար սկզբունքների և տարրերի այն հատվածի հիման վրա, որոնք արտացոլված չեն նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ»,- շեշտել է վարչապետը՝ հայկական կողմի համար առանցքային համարելով ԼՂ կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարևորությունը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը, կրոնական ու մշակութային ժառանգության պահպանությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անթույլատրելի է համարել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի խախտումը, առաջնագծում սադրիչ գործողությունների իրականացումը և նշել Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի ու նրան հարակից տարածքներից ահաբեկչական խմբավորումների դուրսբերման անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին երեք երկրների ղեկավարները Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարությամբ, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ այն ջանքերի համար, որոնք Դուք ներդնում եք մեր տարածաշրջանում կայունությունը և անվտանգությունը վերականգնելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:
Ցավոք այդ հակամարտությունը մինչ օրս կարգավորված չէ: Իհարկե մեզ հաջողվեց ապահովել հրադադարի ռեժիմը, բայց դեռևս մնում են շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, մասնավորապես, այդ հարցով:
Ցավոք այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը և սա ամենազգայուն ու ցավոտ հարցն է, քանի որ դա հումանիտար հարց է: Մենք պայմանավորվել ենք շարունակել աշխատանքն այս ուղղությամբ: Բայց մենք, մասնավորապես, գտնում ենք, որ մեր համատեղ հայտարարության կոնկրետ 8-րդ կետը ցավոք ամբողջությամբ չի իրականացվում, ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի սեղմ ժամկետներում գալ կոնկրետ որոշման:
Պետք է ասեմ, որ այն հայտարարությունը, որը մենք այսօր ստորագրել ենք, իսկապես շատ կարևոր է: Չեմ թաքցնի, այդ հայտարարության իրականացումը կարող է փոխել մեր տարածաշրջանի տնտեսական բնույթը և դիմագիծը: Տնտեսական նորարությունները կարող են բերել անվտանգության էլ ավելի վստահելի երաշխիքներ, և մենք իհարկե պատրաստ ենք կառուցողական աշխատել այս ուղղությամբ:
Բայց ինչպես ասացի, ցավոք, մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չէ լուծել բոլոր հարցերը, ես հույս ունեմ, որ մենք առաջ կշարժվենք: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ներկա դրությամբ մեզ համար գլխավորը հումանիտար հարցերն են, ռազմագերիների փոխանակման հարցերն են, որոնք նախատեսված են նոյեմբերի 9-ի կամ 10-ի մեր համատեղ հայտարարության 8-րդ կետով»։