Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սատերֆիլդը հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Իրաքում 13 թուրքերի սպանության մասին Վաշինգտոնի հայտարարության հետ, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ծաղրանք» համարեց:
«Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել Անկարայում ԱՄՆ դեսպանը: Նրան է փոխանցվել այդ դեպքի առնչությամբ մեր ամենախիստ դիրքորոշումը»,-«Տասս»-ին փոխանցել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարությունը ցավակցություն էր հայտնել Թուրքիային՝ Իրաքում Թուրքիայի 13 քաղաքացիների մահվան կապակցությամբ՝ նշելով, որ Վաշինգտոնը «դատապարտում է նմանատիպ գործողությունները, եթե հաստատվի, որ Թուրքիայի քաղաքացիները սպանվել են Քրդական բանվորական կուսակցության մարտիկների կողմից»: Թուրքիայի ՊՆ-ի պնդմամբ՝ Իրաքի հյուսիսում ռազմական գործողությունների ֆոնին ՔԲԿ-ի մարտիկները փետրվարի 14-ին մահապատժի են ենթարկել գերիներին, այդ թվում Թուրքիայի ռազմական և ոստիկանության աշխատակիցներին: