Հայաստանում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները մեկնարկելու են ապրիլի 21-ից: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ժամանակավոր ցուցադրությունների սրահում ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Այն բաց կլինի մինչև սեպտեմբեր: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ «Հիշատակի եռերգություն» խորագրով միջոցառումների շրջանակում ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին, Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կկատարվի Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ը: Հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը: Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը:
«Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ժամը 24:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Մոցարտի Ռեքվիեմը: Համերգը ղեկավարի գերմանաբնակ դիրիժող Ալեքսանդր Իրադյանը: Ապրիլի 24-ին 19:15-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ով հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը, որը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը: Այս միջոցառմանը նախատեսվում է դիվանագիտական պատվիրակությունների մասնակցությունը: Համերգը կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Մարթա Այվազյանը տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Երևանի քաղաքապետարանի նախասրահում կբացվի ցուցահանդես, որը նվիրված է լինելու Արցախում պատմամշակութային և կրոնական հուշակոթողների և այլ արվեստի գործերի պահպանման խնդրին: Ցուցահանդեսը կրելու է «Վտանգած ժառանգություն» խորագիրը:
«Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակությունների մասնակցությամբ: Ցուցադրվելու են 100-ից ավելի լուսանկարներ, ձեռագործ կոթողներ, գրքեր, մանրանկարչության որոշ օրինակներ, գորգեր և այլն, որոնք ցույց են տալու մեր հարուստ մշակութային ժառանգությունը, որն այսօր վտանգված է: Դա մշակութային ցեղասպանություն է: Այն հանցագործություն է՝ միտված ոչնչացնելու ինքնությունը»,-ասաց Մարթա Այվազյանը: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը ապրիլի 24-ին է, սակայն հանրության համար բաց է լինելու է ապրիլի 25-ից և կտևի մինչև մայիսի 2-ը: Հարցին, թե արդյոք հստակ է Հայաստան ժամանող հյուրերի ցանկը, Մարթա Այվազյանը նշեց, որ աշխատանքները դեռ տարվում են: Այս պահին հստակ է, որ լինելու են 10-ից ավելի պատվիրակություններ տարբեր երկրներից՝ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից: Արայիկ Հարություննյանն էլ ավելացրեց, որ բավական բարձրաստիճան պատվիրակություններ են լինելու:
Միջոցառումները կեզրափակվեն ապրիլի 27-ին ավանդական ծաղկահավաքով: