Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարան կրկին դիմել է ԱՄՆ-ին՝ կոչ անելով բանակցություններ վարել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի շուրջ խնդրահարույց հարցերի և F-35 կործանիչների ծրագրից Թուրքային բացառելու վերաբերյալ:
«Մենք կրկնում ենք ԱՄՆ-ի համար առաջարկը՝ քննարկել C-400-ների, F-35-ի և CAATSA-ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու վերաբերյալ») թեմաները: Մենք կարող ենք այդ հարցերը լուծել բանակցությունների միջոցով, եթե ռազմավարական դաշնակիցներ և գործընկերներ ենք: Մենք ակնկալում ենք, որ սխալները կուղղվեն»,-Hurriyet թերթին ասել է Քալընը:
Նրա խոսքով, Թուրքիային չի համոզում «ԱՄՆ-ի այն պնդումները, որ C-400-ը վտանգ են ներկայացնում ՆԱՏՕ-ի համար, ինչպես նաև F-35 ինքնաթիռների անվտանգությանը:
«Եթե պայմաններն ընդունելի լինեն, մենք C-400-ից բացի կգնենք նաև Patriot համակարգեր, սակայն հարկադրված ենք հաշվի առնել ազգային շահերը: Եվ դա չի նշանակում, որ համագործակցությանն այլընտրանք չի մնում»,-ասել է թուրք պաշտոնյան՝ հիշեցնելով, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմը շարունակում է պատրաստվել Էրդողան-Բայդեն հանդիպմանը, որ նախատեսված է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հունիսին: