Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտու, չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները:
«Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ:
Եվս մեկ անգամ հատուկ նշում եմ, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ, քանի դեռ կան առնվազն այս պայմանները`
1) Ադրբեջանական բարձրագույն իշխանությունները ոչ միայն չեն դադարեցրել, այլ ավելի են խորացրել հայատյացության ու ֆաշիզմի հասնող թշնամանքի քաղաքականությունը Հայաստանի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ: Խոսքն իրական ցեղասպան քաղաքականության մասին է:
2) Նույն սկզբունքով Ադրբեջանի նախագահն անընդհատ սպառնալիքների լեզվով է խոսում մեր երկրի ու ողջ բնակչության մասին: Նա է հպարտանում, որ ատելության ու թշնամանքի զգացումով մեծացել է մի ողջ սերունդ:
3) Ադրբեջանական իշխանությունները դիտավորությամբ շարունակում են հոգեկան տառապանքներ պատճառել հայկական կողմի գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, խախտել գերիների իրավունքները` նրանց իրական թիվը չհրապարակելով ու հայրենիք չվերադարձնելով:
4) Պատերազմի ընթացքում հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների կրկնվելու իրական վտանգը վերացած չէ, իսկ տեղի ունեցածի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրել:
5) Ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական ներկա են ՀՀ ինքնիշխան տարածքում` Գեղարքունիքում և Սյունիքում` խաթարելով հայաստանյան հասարակության հոգեկան անդորրը:
6) Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են կոպիտ խախտել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները (զենքի ցուցադրումով սպառնալիքներ ՀՀ քաղաքացիներին` հովիվներին, մարդիկ զրկված են իրենց հողատարածքներից և արոտավայրերից օգտվելու հնարավորությունից, պարբերական կրակոցներ ՀՀ գյուղերի հարևանությամբ և այլն):
7) Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին արձանագրվում են իրավունքների կոպիտ խախտումներ ու սադրանքներ (Գորիսից Կապան ճանապարհին քարերով ՀՀ քաղաքացիական մեքենային հարվածելը, Արավուսի հովիվին քաշքշելը ու աչքին հարվածելը, Կապանից Ճակատեն գյուղ տանող ճանապարհը ադրբեջանական մեքենայով փակելը, ՀՀ սահմանային բնակիչների` ադրբեջանական վերահսկողության ներքո տարածքներ անցած կենդանիներին չվերադարձնելը և այլ միջադեպեր): Այդ ճանապարհներին ադրբեջանական ցուցանակների ու դրոշների, զինվորականների տեղակայումով շարունակաբար խախտվում են ՀՀ քաղաքացիների իրավունքները (հոգեբանական լարվածություն ու ահաբեկելու նպատակ, մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակում և այլն):
Սահմանազատումն ինքնին ցանկացած երկրի համար ունի հիմնարար կարևորություն: Դա նաև մարդու իրավունքների երաշխիք է:
Բայց սահմանազատումը կարող է տևել տարիներ, եթե ոչ տասնյակ տարիներ, իսկ քանի դեռ կան թվարկվածս պայմանները ՀՀ սահմանային բնակիչների, ՀՀ քաղաքացիների իրավունքների իրական երաշխավորման հրատապությունը պահանջում է Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի ու Սյունիքի շուրջ անվտանգության գոտու ստեղծում:
Սահմանազատումը կարելի է իրականացնել անվտանգության գոտի ստեղծելուց հետո կամ, առնվազն, զուգահեռ, որի հայեցակարգը մենք ներկայում ամփոփում ենք:
ՀՀ քաղաքացիների ու նախևառաջ սահմանային բնակիչների խաթարված բնականոն կյանքը, իրավունքները նվազագույն պայմաններով վերականգնելու համար ադրբեջանական զինված ծառայողները, դրոշներն ու ցուցակները պետք է հեռացվեն ՀՀ գյուղերի հարևանությունից ու համայնքների միջև ճանապարհներից:
Միայն սահմանազատումն այդ պարագայում կուղեկցվի ՀՀ քաղաքացիների ու, հատկապես, սահմանային բնակիչների իրավունքների նոր խախտումներով ու հասարակությունում լարվածությամբ:
Այս ամենը չի էլ ապահովելու խաղաղություն տարածաշրջանում»: