Նյու Յորքում բնակվող աշխարհահռչակ թուրք գրող, նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը թուրքական «Kısa Dalga» լրատվականին հարցազրույց է տվել, որում խոսել է իր նոր գրքից, Թուրքիայի ներքաղաքական կյանքից և իր քաղաքական հայացքներից, հայտնում է Ermenihaber.am-ը:
Փամուքը պատմել է իր ունեցած հաջողությունների մասին՝ նշելով, որ աշխարհում իր տպագրած գրքերից 14-15մլն օրինակ է վաճառվել, իսկ Թուրքիայում վաճառված գրքերի թիվն արդեն անցել է 3 միլիոնը։
Գրողը Թուրքիայի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները հետևյալ կերպ է բնութագրել.
«Թուրքիայում ժողովրդավարության՝ միայն քվեատուփում քվեաթերթիկ գցելու մասն է մնացել: Թուրքիան ժողովրդավար չէ: Հենց քվեատուփերից ցանկալի արդյունք չեն ստանում, այդ քվեատուփերը գողանում են: Եթե քվեարկեք իշխող կուսակցությանը, ապա այդ դեպքում ժողովրդավարության նման մի բան կլինի: Չկա մտքի ազատություն, դատարանները, վերստուգիչ-վերահսկիչ հաստատությունները չունեն ազատություն: Նույնիսկ կենտրոնական բանկը չունի ինքնավարություն»:
Թուրք գրողը նաև մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան աշխարհում ամենաշատ բանտարկված լրագրողներ և քաղբանտարկյալներ ունեցող երկիրն է:
Նա Թուրքիայի գլխավոր խնդիրներից մեկն է համարում մտքի ազատության բացակայությունը: Փամուքի խոսքով՝ այնտեղ, որտեղ չկա մտքի ազատություն, ոչ ոք ի վերջո չի կարող ճշմարիտ լինել:
Փամուքը նշել է, որ իրեն դուր չի գալիս խոսել քաղաքական թեմաներից, սակայն պատասխանում է, եթե լրագրողները հարցեր են ուղղում:
«Նա, ով հարցնում է քաղաքականությունից, ասում եմ՝ մտքի ազատություն չկա: Ովքեր խոսում են քաղաքականությունից, փողոցում նրանց ծեծի են ենթարկում, կոտրում մատները, սպառնում են, հարցին խառնվում է մաֆիան»,- ասել է թուրք գրողը: