ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ՀՀ պետական սահմանի օպերատիվ մարտավարական վիճակը հարաբերական լարված է, և այս պահի դրությամբ Հայաստանի տարածքում է գտնվում Ադրբեջանի զինված ուժերի մինչև 1000 զինծառայող։
«Նշված զինծառայողները մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություններ չունեն։ Եթե հարցին լուծում տանք ռազմական ճանապարհով, ապա այդ 1000 զինծառայողները մեր տարածքից դուրս գալ չեն կարող՝ մենք կոչնչացնենք բոլորին անխտիր կերպով»,-ասել է Ասրյանը։
«Բոլորը գտնվում են նշանառման տակ, նրանց զինծառայողները, նրանց տեղադրած վրանները, ուժերը բոլորը տեսանելի են, թաքնված ուժեր չկան, բոլորը գտնվում են նշանառության տակ։ Ներկա դրությամբ, իմ գնահատականով, այդ նախանշանները դեռևս չկան, եթե լինեն մենք արդեն ուժ կկիրառենք, կոչնչացնենք հակառակորդին։ Նախանշաններից մեկն այն է, որ եթե հակառակորդը փորձեց իր ուժերը որոշակի հեռավորությամբ մեզնից հեռացնել, դա առաջին նախանշանն է, որ ինքը պատրաստվում է ուժ կիրառելու։ Մենք նրանից առաջ կանցնենք, իսկ եթե ինքը մեզ հետ շփման ավելի մոտիկ հեռավորությունների վրա է, ապա չկա այդ նախանշանը։ Համոզված եղեք, որ մեր զինված ուժերը պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարելու։ Ոչ մեկը զինված ուժերին չի արգելում իրենց պարտականությունները կատարելու»,-նշել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը:
Ասրյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ՀՀ պետական տարածքում գտնվող Ադրբեջանի զինծառայողների ուղղությամբ չկրակելու հրաման չի տվել, կրակելու-չկրակելու որոշում է կայացնում ՀՀ ռազմական ղեկավարությունը։