Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ վստահաբար ասել է, որ Արցախի իշխանությունները և Արցախի ժողովուրդը չեն ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ:
«Իհարկե, մեր պայմանները շատ ավելի դժվար են, շատ ավելի ծանր են, քան նախապատերազմյան շրջանում, բայց դա չի նշանակում, որ մենք հնարավորություններ չունենք պայքարելու: Մեր ճանապարհը ավելի երկար է հիմա մեզ թվում, բայց մյուս կողմից ունենք լրացուցիչ հնարավորություններ, այդ թվում` արտաքին քաղաքական հնարավորություններ՝ մեր ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը շատ ավելի ընդգծված կերպով կազմակերպելու»,-ասել է Բեգլարյանը՝ նշելով, որ փաստարկների առումով սա (խմբ. ինքնորոշման իրավունքը) ընկալելի է միջազգային հանրությանը, որովհետև հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներից երկուսն արդեն ժամանակավրեպ են:
«Տարածքային ամբողջականության սկզբունքը և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքն արդեն ժամանակավրեպ են պատերազմի հետևանքով: Մնացել է մեր ինքնորոշման իրավունքի ճանաչման սկզբունքը, և սա միջազգային հանրությունը ու Մինսկի խումբը շատ լավ գիտակցում են: Դրա համար մենք այս ուղղությամբ մեր պայքարը շարունակում ենք, իհարկե պետք է Հայաստանի Հանրապետությունն էլ այս մասով գործուն ջանքեր գործադրի, և հույս ունենք, որ առաջիկայում արդեն որոշակի դրական առաջընթաց լինելու է այս մասով»,-ավելացրել է պետնախարարը:







