Առաջիկա հինգ տարիներին Հայաստանում ստեղծվելու է Արտաքին հետախուզական ծառայություն, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության 2021-2026թթ. ծրագիրը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանում նվազագույն աշխատավարձը սահմանվելու է 85 հազար դրամ։ Նվազագույն ամսական աշխատավարձը Հայաստանում վերջին անգամ բարձրացել է 2020-ի հունվարի 1-ից, երբ 55 հազար դրամից այն դարձավ 68 հազար դրամ։
Ըստ Փաշինյանի՝ առաջիկա հինգ տարիներին Հայաստանում կառուցվելու և նորոգվելու է 300 դպրոց ու 500 մանկապարտեզ։
Նա նաև նշեց, որ բոլոր ընտանիքներում յուրաքանչյուր երրորդ և ավելի երեխան` մինչև վեց տարեկանը, ամեն ամիս կստանա 50 հազար դրամ։
Կառավարության 2021-2026թթ. ծրագրի համաձայն, նախատեսվում է մինչև 2026-ը տարեկան ապահովել միջինը 7 տոկոս տնտեսական աճ, իսկ արտաքին բարենպաստ պայմանների դեպքում` 9 տոկոս։
Ծրագրով նախատեսվում է նաև մինչև 2026-ը երկրում աղքատության մակարդակը նվազեցնել գրեթե կրկնակի` այն հասցնելով 10 տոկոսի շեմին։
Սահմանադրության պահանջով՝ կառավարությունն իր ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում պետք է Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնի գործունեության ծրագիրը։