Իրանի Զինված ուժերը մեկնարկել են «Խայբարի նվաճողները» անվանումը կրող զորավարժությունը երկրի հյուսիս-արևմուտքում: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:
Համաձայն աղբյուրի՝ վարժանքների սկզբում ԱԹՍ-ներով հետախուզվել է տեղանքը, արդյունքներն ուղարկվել են հրամանատարական կետ, որից հետո 25-րդ արագ արձագանքման բրիգադը խաղարկել է սցենարով մշակված գործողությունները: Այնուհետև հրետանիով կրակ է բացվել պայմանական թիրախների ուղղությամբ: Գործող ստորաբաժանումներին իրենց կրակով աջակցել են նաև ուղղաթիռներ:
Նշենք, որ օրեր առաջ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել էր Իրանի զորավարժության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ հայտարարելով, որ «զորավարժության անցկացումը Իրանի համար ինքնիշխանության հարց է, և ամբողջ տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար է իրականացվում»: