Շուշիի Մայր տաճարի ֆիզիկական վնասմանը զուգահեռ Ադրբեջանը չի դադարում փորձերը` խեղաթյուրելու եկեղեցու հայկական ինքնությունը, որն իրականացվում է վերանորոգման պատրվակով եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխման միջոցով: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի կրկնակի ռմբակոծման մեկ տարվա կապակցությամբ:
«Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում 2020թ. հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով կրկնակի օդային հարվածներ հասցրին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ վերջինիս պատճառելով զգալի ավերածություններ: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հաշված օրեր անց նույն եկեղեցին ենթարկվեց վանդալիզմի և սրբապղծման»,- հիշեցրել է Վահան Հունանյանը:
Նրա խոսքով՝ պաշտամունքի վայրի կրկնակի դիտավորյալ հրթիռակոծումը ոչ միայն միջազգային իրավունքով, մասնավորապես՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայով և դրան կից երկրորդ արձանագրությամբ (1999 թ.) դատապարտելի հանցագործություն է, այլ նաև մտադրությունների խորհրդանշական բացահայտում․ այն Արցախի տարածքում հայկական ներկայության ցանկացած հետքի բնաջնջմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության ակնհայտ դրսևորում է:
«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայից մեկ տարի անց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում գտնվող շուրջ 1500 պատմամշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի, ինչպես նաև հազարավոր թանգարանային նմուշների ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ և վտանգված: Բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման և վանդալիզմի փաստագրված դեպքերը։ Բացի այդ, դրանց ֆիզիկական ոչնչացման հետ մեկտեղ ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից հետևողական կերպով իրականացվող պատմական փաստերի կեղծմանը և հայկական հուշարձանների ինքնության խեղաթյուրմանը»,- նշում է Հունանյանը:
Նա ընդգծում է՝ այս համատեքստում, թերևս, պատահական չէ, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակել կամ հնարավորինս սահմանափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր` փորձելով կոծկել իր կողմից գործած պատերազմական հանցագործությունները: