Մոսկվան գործադրում է ամեն ջանք ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտում թույլ չտալու համար։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, այդ թվում` վերջերս տեղի ունեցած միջադեպերը, քննարկվել են հոկտեմբերի 14-ին Մինսկում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ընթացքում»,- նշել Է Զախարովան:
Նրա խոսքով` այդ հարցը քննարկվում է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի, գլխավոր շտաբների ղեկավարների կանոնավոր շփումների ժամանակ։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14–ի երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն էր եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայ զինծառայողներից 6-ը վիրավորվել էին։