Արցախում խաղաղ բնակչի սպանությունը, որը կատարվել է Շուշիի մոտակայքում, ադրբեջանցի զինվորականի կողմից՝ ահաբեկչություն է։ Այս մասին Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը Ստեփանակերտում ասել է ռուս լրագրողներին, հաղորդում է armeniasputnik.am-ը։
Նա ընդգծել է, որ այդ գործողությունները ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ նպատակ ունեն։ Սպանված և վիրավորում ստացած քաղաքացիները ջրատարներն էին վերանորոգում ռուս խաղաղապահների համար, երբ նրանց է մոտեցել ադրբեջանցին ու կրակ բացել նրանց ուղղությամբ։
«Սա իսկական ահաբեկչություն է։ Ավելին, Արցախում միշտ ադրբեջանական կողմից նմանատիպ գործողություններ սպասում են։ Հնարավոր են նոր հարձակումներ մարդկանց վրա, այդ թվում և պետական գործիչների։ Սա ատելության դրսևորում է հայ ազգի նկատմամբ, սա պետական քաղաքականություն է, ազգայնամոլություն»,- ասել է ԱԳ նախարարը։
Բաբայանը նշում է, որ Ադրբեջանը փորձում է արցախցիներին վախեցնել, որպեսզի նրանք հեռանան, իսկ վերադառնալ պատրաստվողներն էլ`մտափոխվեն։ Նրա խոսքով՝ Բաքուն փորձում է կանխել Արցախի վերականգնման գործընթացում արվող ներդրումները։ «Ադրբեջանցիները հասկանում են, որ քանի դեռ այստեղ է գտնվում ռուսական խաղաղապահ զորախումբը, լայնամասշտաբ պատերազմ չի լինի, քանի որ հարձակումը Արցախի վրա կնշանակի հարձակում ռուսական զորակազմի, Ռուսաստանի վրա։ Նրանք հասկանում են, որ քանի դեռ կա Արցախը, կլինի նաև կայունություն Կովկասում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում և այլ տարածաշրջաններում։ Նրանք ուզում են, որ չլինի հայկական Արցախ, որ Ռուսաստանը հեռանա այստեղից։ Ինչպե՞ս դա անել, եթե ոչ նման գործողություններով»,- հավելել է Բաբայանը։
Շուշիի ահաբեկչությունը, ԱԳ նախարարի կարծիքով, նաև հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման նպատակ է հետապնդում։ Յուրաքանչյուր նման դեպքից հետո Հայաստանում որոշ խմբեր դա օգտագործում են որպես հակառուսական քարոզչության առիթ՝ ՌԴ-ի նկատմամբ հայ հասարակության վերաբերմունքը փոխելու համար։ Ընդգծում է` անհասկանալի է, թե ինչու են այդ նույն ուժերն ու կառույցները Հայաստանում լռում, երբ Բաքվում որոշ երկրների դեսպաններ այցելում են ադրբեջանական զորքերի կողմից գրավված Արցախի տարածքներ: Բաբայանը նման դիրքորոշումը բացատրում է նրանով, որ իրենք նման «պատվեր» չեն ստանում։
Անդրադառնալով խաղաղապահ առաքելության դերին ու գործառույթներին՝ նախարարը նշել է, որ ի սկզբանե զորակազմ տեղակայելիս հիմնական խնդիրը եղել է հարցի խաղաղ կարգավորումը, այլ ոչ թե ռազմական գործողություններին, փոխհրաձգություններին ներգրավումը: Վստահեցնում է՝ Ադրբեջանն ու Թուրքիան շատ լավ հասկանում են դա և ռուս զինվորականներին սադրելու գործողություններ են ձեռնարկում։ Եթե խաղաղապահները կրակ բացեն, ապա դա փաստացի հակամարտության սկիզբ կլինի։
Այնուամենայնիվ, Բաբայանը ենթադրում է, որ նման մեխանիզմը վաղ թե ուշ վերանայվելու է։ Նախարարը չի բացառում ապագայում ադրբեջանական զինուժի կողմից բացահայտ հարձակումը։ Այժմ ռուս զինվորականների ներկայությունը սթափեցնող ազդեցություն է թողնում, բայց խաղաղապահների ներկայիս 5-ամյա ժամկետի վերջում ադրբեջանական կողմը կարող է սկսել իրեն ավելի ագրեսիվ պահել։ Նման պայմաններում ռուս զինվորականները հաստատ պետք է համարժեք գործողությունների դիմեն։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը սկզբում հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները նոյեմբերի 8-ին կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 3 վիրավորվել է: Միջադեպի պահին քաղաքացիները վերանորոգել են ջրատարը։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հստակեցրել էր, որ ադրբեջանցի զինվորը ներթափանցել է արցախյան տարածք։ Ցանկանալով վախեցնել տեղի բնակիչներին, խուճապ սերմանել նրանց մեջ՝ նա մի քանի կրակոց է արձակել ջրատարը վերանորոգող քաղաքացիների ուղղությամբ։