Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Այս մասին ԱՄԷ-ում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, տեղեկացնում է Ermenihaber-ը:
Չավուշօղլուն նաև նշել է, որ ծրագրում են Հայաստանում հատուկ ներկայացուցչին նշանակել փետրվարի 14-15-ն ընկած ժամանակահատվածում։
Ո՞վ է Սերդար Քըլըչը
Քըլըչը ծնվել է 1958թ. մարտի 28-ին Թուրքիայի հյուսիսային Սամսուն շրջանում։ Նա ուսումը ստացել է Թուրքիայի կրթական միության Անկարայի քոլեջում, 1980թ. ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը:
Քըլըչը 1984 թվականից սկսած աշխատում է Թուրքիայի արտաքին գերատեսչությունում։ 2006-2008 թվականներին Թուրքիայի ԱԳՆ-ի ՆԱՏՕ-ի հարցերով վարչության ղեկավարի օգնականի պաշտոնն է զբաղեցրել, 2008-2010 թվականներին Բեյրութում եղել է Թուրքիայի դեսպանը: 2010-2012 թվականներին եղել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, 2012-2014թթ.՝ Տոկիոյում, 2014-2021թթ.՝ Վաշինգտոնում Անկարայի դեսպանը:
Թուրք դիվանագետն ամուսնացած է, ունի 3 երեխա։
Սերդար Քըլըչի հայրը՝ Իլյաս Քըլըչը 1961-1980թթ. եղել է Թուրքիայի մեջլիսի «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) ընտրված պատգամավոր։ Իսկ նրա հորեղբայրը զբաղեցրել է Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնը, ինչպես նաև եղել է «Արդարություն և զարգացում կուսակցությունից» ընտրված պատգամավոր։
Հատկանշական է, որ որպես դեսպան Քըլըչը նշակվել է այնպիսի երկրներում, որտեղ առկա է հայկական հոծ ու ակտիվ համայնք։