Հունվարի 30-ին Իսրայելի նախագահն առաջին անգամ այցելել է ԱՄԷ, որտեղ հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդի հետ:
Իսրայելի նախագահի վարչակազմը տեղեկացրել է, որ հանդիպումը տևել է գրեթե երկու ժամ և ընթացել «ջերմ» մթնոլորտում:
«Ցանկանում եմ ընդգծել, որ մենք ամբողջովին աջակցում ենք անվտանգությանը և դատապարտում ահաբեկչական խմբերի ցանկացած հարձակում ընդդեմ Ձեր երկրի ինքնիշխանության»,- հայտարարել է Հերցոգը հանդիպման ընթացքում:
Իր հերթին թագաժառանգը կարևորել է երկկողմ հարաբերությունները՝ նշելով, որ «կա համատեղ ուժեղ կամք դրանք էլ ավելի ամրապնդելու՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»:
Զայեդը նաև շնորհակալություն է հայտնել հութիների հարձակման հետևանքով Իսրայելի նախագահի ցավակցությունների համար:
«Նման դիրքորոշումը ցույց է տալիս մեր տեսակետները տարածաշրջանային անվտանգության և խաղաղության դեմ ուղղված սպառնալիքների շուրջ, հատկապես, երբ դրանք իրականացվում են ահաբեկչական ուժերի և խմբերի կողմից»,- ավելացրել է թագաժառանգը:
Նշենք, որ Իսրայելը և ԱՄԷ-ն կարգավորել են դիվանագիտական հարաբերությունները «Աբրահամյան արձանագրությունների» ներքո 2020 թվականի սեպտեմբերի 15-ին: 2020 թվականի հունիսին Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդն աշխատանքային այցով մեկնել էր ԱՄԷ և մասնակցել էր այդ երկրում Իսրայելի դեսպանատան բացման պաշտոնական արարողությանը: Իսկ դեկտեմբերի 12-ին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթն էր առաջին անգամ այցելել ԱՄԷ: