1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը կայացրեց պատմական որոշում` խաղաղ միջոցներով պայքարել արցախահայության նկատմամբ էթնիկ խտրականության և զտումների տասնամյակների քաղաքականության դադարեցման և ինքնորոշման իրավունքի իրացման համար։ Այս մասին նշված է ՀՀ արտգործնախարության հայտարարության մեջ։
1988 թվականի այս իրադարձությունները հիմք դրեցին համահայկական շարժման՝ հանուն սեփական հայրենիքում ազատ, արժանապատիվ և անվտանգ ապրելու և իրավունքների պաշտպանության պայքարի։
«Այս իրադարձություններից 34 տարի անց՝ չնայած տեղի ունեցած արհավիրքների՝ Ադրբեջանական ԽՍՀ կողմից իրականացված դաժան ջարդերին, էթնիկ զտումներին, ապա Ղարաբաղյան արյունալի 2 պատերազմներին, Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել համազգային իղձերի իրականացման, պետականության և ինքնիշխանության, արցախահայության իրավունքների և հայրենիքի միջազգային ճանաչման համար արդար պայքարում»,-նշում են ԱԳՆ-ից։
1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը: