Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մտքեր են փոխանակել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:
«Անդրադարձ է եղել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ սադրանքներ և ճնշումներ գործադրելու` ադրբեջանական կողմի փորձերին, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Կլաարը Twitter-ի իր էջում այսօր գրառում էր կատարել` հայտնելով, որ երկօրյա այցեվ ՀՀ է գալիս։ Նրա խոսքով` քանի որ միջազգային իրավիճակը գնալով ավելի լարված է դառնում, ԵՄ-ն ավելի քան երբևէ` հավատարիմ է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի գաղափարին։