Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատրաստվում է մեկնել Սաուդյան Արաբիա: Տեղեկությունը հայտնել է AFP-ն:
Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության միջադեպից հետո սա Էրդողանի առաջին այցն է լինելու Սաուդյան Արաբիայի թագավորություն:
Հաղորդվում է, որ Էրդողանը երկօրյա այցով է մեկնելու Ռիյադ:
Ուշագրավ է, որ անանուն թուրք պաշտոնյան AFP-ին հայտնել էր, որ չի ակնկալվում, թե Էրդողանը որևէ պաշտոնական հայտարարություն կանի Էր Ռիադ կատարվելիք այցի ընթացքում:
Պաշտոնյայի տեղեկացմամբ՝ Էրդողանը հանդիպելու է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ՝ հավելելով, որ բանակցություններին մասնակցող պատվիրակության կազմում, ամենայն հավանականությամբ, կլինի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բըն Սալմանը։
Նշենք, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում Խաշոկջիի սպանության հետևանքով սաուդա-թուրքական հարաբերությունները լարվել էին: Էրդողանը հայտարարել էր, որ սպանությունը «կանխամտածված» էր, և որ Խաշոկջիի սպանության հրամանը ստացվել է Սաուդյան Արաբիայի կառավարության «բարձրագույն մակարդակներից»:
Վերջին շրջանում որոշակի ջերմացում է նկատվում երկկողմ հարաբերություններում առկա լարվածության հաղթահարման համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի դատարանը որոշում էր կայացրել կասեցնել Խաշոկջիի սպանության մեջ մեղադրվող 26 սաուդցիների դատավարությունը և գործը փոխանցել Սաուդյան Արաբիային։