Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Կատարի էմիր շեյխ Թամիմ բըն Համադ Ալ-Թանին հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ:
Կատարի էմիրը և Իրանի նախագահն ընդգծել են տարածաշրջանային խնդիրները երկխոսության և խաղաղ միջոցներով կարգավորելու կարևորությունը:
Կողմերը վերահաստատել են երկրների ինքնիշխանությունը հարգելու և ներքին գործերին չմիջամտելու պայմանավորվածությունը:
Իր հերթին Իրանի նախագահն էմիրի այցը Թեհրան «շրջադարձային կետ» է համարել երկկողմ հարաբերությունների ընդլայնման համատեքստում:
Պաշտոնական այցի շրջանակներում շեյխ Թամիմը հանդիպել է նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ:
Խամենեին հայտարարել է, որ տարածաշրջանի հիմնախնդիրները պետք է տարածաշրջանի երկրները լուծեն: Նրա խոսքով՝ սիրիական և եմենական հիմնախնդիրները պետք է երկխոսության միջոցով լուծվեն:
«Ակնկալում ենք, որ արաբական աշխարհը հստակորեն կմիջամտի Իսրայելի հանցագործություններին դիմակայելու համար»,- նշել է Իրանի հոգևոր առաջնորդը:
Այցի ընթացքում երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը։