Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:
Վարչապետն ընդգծել է Գերմանիայի հետ հարաբերությունների կարևորությունը, որը ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է, և վստահություն հայտնել, որ քաղաքական երկխոսության բարձր մակարդակն էլ ավելի առաջ կմղի փոխշահավետ գործակցությունը:
Դեսպան Ռիխտերը նշել է, որ Գերմանիան հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը և վերահաստատում է իր օժանդակությունը ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին:
Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական կապերի խորացման հեռանկարները: Գոհունակություն հայտնելով երկկողմ օրակարգի շրջանակում իրականացվող ծրագրերից՝ Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ինտենսիվ գյուղատնտեսությունը ևս: ԳԴՀ դեսպանը ողջունել է վարչապետի առաջարկը և հիշատակել նաև ՓՄՁ, էներգետիկայի, ջրային տնտեսության, էլեկտրոնային կառավարման, ֆինանսական և այլ ոլորտներում համատեղ ծրագրերը: Երկուստեք կարևորվել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) գործունեությունը:
Հանդիպմանն անդրադարձ է արվել նաև տարածաշրջանային զարգացումներին և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքներին: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղին առնչվող իրավիճակի շուրջ:
Վարչապետը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները ԼՂ հիմնախնդրի կարգավորման և ՀՀ կառավարության հռչակած խաղաղության օրակարգի վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԼՂ կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված, և այն պետք է կարգավորվի միջազգայնորեն ճանաչված ձևաչափի շրջանակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ անձանց վերադարձի, ԼՂ-ում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության խնդիրներին:
Վիկտոր Ռիխտերը ԳԴՀ կառավարության աջակցությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը:
ՀՀ վարչապետը կարևորել է առաջադեմ միջազգային հանրության հասցեական արձագանքը հումանիտար և անվտանգային խնդիրներին: