Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Տարիներ առաջ Ֆիլադելֆիայում ստորագրված Անկախության հռչակագիրը դարձել է ժողովրդավարության, մարդու և ժողովուրդների իրավունքների ու արժանապատվության ամրագրման կարևորագույն հանգրվանը՝ բեկումնային ազդեցություն ունենալով համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա:
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է: Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև առկա բարեկամությունը, ինչպես նաև բազմոլորտ սերտ համագործակցությունը:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք առկա փոխգործակցությունը՝ հարստացնելով երկկողմ օրակարգը և ընդլայնելով գործընկերային հարաբերությունները ռազմավարական երկխոսության շրջանակներում:
Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունն ու ջանքերը՝ ուղղված ինչպես մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը, այնպես էլ ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին»: