Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպելու է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի և թագաժառանգ Մուհամմադ բն Սալմանի հետ՝ Ջիդդա կատարվելիք այցի ընթացքում:
«Նախագահը բանակցությունների սեղան է նստելու Սալման թագավորի հետ երկկողմ հանդիպման ընթացքում, ինչպես նաև նրա թիմի, իսկ, ինչպես գիտեք, թագաժառանգը նույնպես նրա թիմում է… Այդպիսով՝ նախագահն ընդլայնված քննարկումների համատեքստում հանդիպելու է նաև թագաժառանգի հետ»,- հայտնել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի՝ ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քըրբին:
Ամերիկացի պաշտոնյան հիշեցրել է, որ Ջո Բայդենի՝ մերձավորարևելյան առաջին այցը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
«Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ [խմբ. Մերձավոր Արևելքում], միանշանակ ազդում է մեզ վրա», – նշել է Ջոն Քըրբին:
Նշենք, որ Բայդենը հուլիսի 15-16-ը Սալման թագավորի հրավերով կմեկնի Սաուդյան Արաբիա, որտեղ կմասնակցի Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովին: ԱՄՆ նախագահը նախքան Սաուդյան Արաբիա ժամանելը կայցելի նաև Իսրայել և Հորդանան գետի Արևմտյան ափ:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում առկա է որոշակի լարվածություն: Ամերիկյան կողմը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բն Սալմանին մեղադրում է Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության մեջ: