Տարածաշրջանային որոշ հարցերի վերաբերյալ Թուրքիայի և Իրանի տեսակետները երբեմն մրցակցային բնույթ են ստանում։ Նման տեսակետ է արտահայտվել իրանական «Tahlilbazaar» կայքում հրապարակված՝ իրանա-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հոդվածում:
Ստորև Region Monitor-ը ներկայացնում է հոդվածի հիմնական թեզերը.
· «Տարիների ընթացքում Թուրքիան փորձել է նվազեցնել Իրանից բնական գազի կախվածությունը և 2017 թվականից ի վեր Իրանի բնական գազի և հում նավթի արտահանումը Թուրքիա կտրուկ նվազել է։ Նշվել է, որ Իրանից գազի ներկրման կրճատմանը զուգընթաց թուրքերն ավելացրել են հեղուկ բնական գազի ներկրումը ԱՄՆ-ից, ըստ այդմ, իրանական կողմը ներկայումս չունի այլընտրանքային գնորդ, որը կարող է փոխարինել Թուրքիային՝ որպես իրանական բնական գազի խոշորագույն գնորդ։
· Շեշտվել է, որ Թեհրանի և Անկարայի հարաբերությունների մեկ այլ խնդիր է տարածաշրջանային տարանցման և էներգետիկ ենթակառուցվածքների շուրջ փոխզիջումների գնալը։ Թուրքերն ավելացրել են իրենց համագործակցությունը Ադրբեջանի հետ ռազմական հարաբերությունների ոլորտում, որպեսզի, միաժամանակ, Թուրքիան դառնա Ադրբեջանի բնական գազը Եվրոպա արտահանելու հիմնական տարանցիկ ճանապարհը։
· Իրանցի պաշտոնյաները կարծում են, որ Թուրքիան շահագրգռված է շարունակել իրանական գազ գնել։ Սակայն Սև և Միջերկրական ծովում այս երկրի տարածքային ջրերի որոշ հատվածներում գազի հանքավայրերի հայտնաբերումը հարց է առաջացնում, թե արդյոք Անկարային նախկինի պես անհրաժեշտ է իրանական գազի ծավալները: Թեհրանը կանխատեսում է, որ Անկարան կօգտագործի վերջին զարգացումները Իրանից գազի ներկրումը դադարեցնելու կամ զգալի զեղչ խնդրելու համար։ Սա լրջորեն կազդի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների վրա։
· 2020 թվականի 44-օրյա պատերազմը նոր հնարավորություններ է ստեղծել տարածաշրջանային ենթակառուցվածքային նոր նախագծերի համար։ Այս իրավիճակում Թուրքիան ցանկանում է պահպանել էներգետիկ և առևտրային տարանցիկ կենտրոնի իր դերը։ Սակայն իրանցիները խորապես անհանգստացած են, որ կրկին դուրս են մնալու այս ծրագրերից, ինչպես 1990-ականներին»: