Այսօր ժամը 12-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էապես թուլացել է։ Նման տեղեկություն հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
«Հակառակորդը ստանում է արժանի պատասխան։ ՀՀ ԶՈւ–ն ամբողջ ծավալով կատարում է իր առջև դրված պարտականությունները»,–ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի ՊՆ–ն, հավատարիմ մնալով բացահայտ կեղծիք տարածելու իր գործելաոճին, հայտարարություն է տարածել` իբր գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։
Թորոսյանը նշել է, որ սա հերթական ապատեղեկատվությունն է, որը ծառայում է որպես տեղեկատվական հենք ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար։
Նա հիշեցրեց նաև, որ այս գիշեր ադրբեջանական ԶՈւ–ն, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել է հարվածային ԱԹՍ–ներ, իսկ առավոտից սկսել նաև ինտենսիվ հրետակոծություն` թիրախավորելով, մասնավորապես, Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքրեն ու սահմանամերձ բնակավայրերը։
Թորոսյանի խոսքով` հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում` կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը, կոչ են անում ձեռնպահ մնալ դրանց անդրադառնալուց, առավել ևս` հրապարակելուց։