Հայաստանի և Արցախի մասին France2-ի եթերում կատարած հայտարարություններից հետո Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ Ադրբեջանում սկսված արշավը նոր «որակներ» է ստանում։
Երեկ Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության եթերում քաղաքական այդ արշավի համար են օգտագործվել նաև ադրբեջանցի երեխաները։
5-10 տարեկան մի խումբ երեխաներ հաղորդավար Ազիզ Ալիևի հետ միասին վերափոխված տարբերակով երգել են «Բուրատինոյի արկածները» մուլտֆիլմի հայտնի երգը՝ ծաղրելով Ֆրանսիայի նախագահին։
«Փարիզի կենտրոնում, մաքուր ֆրանսերենով մի մարդ է փուչ-փուչ խոսում, ասացեք ո՞վ է այդ մարդը»,-տողերով սկսվող երգին երեխաները տալիս են «Էմանուելն է» պատասխանը։ Երգում Մակրոնը մեղադրվում է հայամետ, իսլամաֆոբ, ակտիվ թուրքաֆոբ լինելու, սուտ խոսելու մեջ։
Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը տարածել է այդ տեսանյութը սոցցանցերի հաշիվներում՝ «Հերթական հրաշալի կատարումն Ազիզից՝ «Էմանուել»» մեկնաբանությամբ։
Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը France 2-ին տված հարցազրույցում նշել էր, որ Ֆրանսիան միայնակ չի թողնի Հայաստանին.
«Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվեց. դա միջազգայնորեն չճանաչված և վիճելի տարածք է։ Ադրբեջանը սարսափելի պատերազմ սանձազերծեց՝ բազմաթիվ զոհերով, սարսափելի տեսարաններով, և գրավեց այդ տարածքը։ Այս սեպտեմբերին էլ Ադրբեջանը հարձակողական գործողություններ ձեռնարկեց Հայաստանի սահմանի երկայնքով, որ, հավանաբար, կարողանա միջանցք բացել իր տարածքի երկու հատվածի միջև»,- ասել էր նա։