ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շեշտում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում Թուրքիան պետք է կարգավորման գործընթացն ավելի ու ավելի քիչ կապի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հետ, հակառակը՝ պետք է գիտակցի, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազդեցությունը թողնել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարն ասաց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին:
«Երկու երկրները նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին, որոնք արդեն 4 հանդիպում են ունեցել, առարկայական հանդիպումներ են ունեցել երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկու երկրների միջև Թուրքիայի կողմից փակված սահմանը բացելու ուղղությամբ»,-ասաց Միրզոյանը:
Նախարարը հիշեցրեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հրավերով ինքը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, օրեր առաջ տեղի է ունեցել նաև Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը:
«Գործընթացը համարում եմ դրական: Ուղենիշը հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումն է: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Թուրքիայի մեր զրուցակիցները պետք է ավելի ու ավելի քիչ այս գործընթացը կապեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հետ: Եվ հակառակը՝ պետք է գիտակցեն, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազդեցությունը գործել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա: Երբեմն հարցերի վերաբերյալ հնչում են արտահայտություններ, որոնք հիմք են տալիս մտածելու, որ, օրինակ, նույն Թուրքիան գուցե արտատարածքային կարգավիճակով միջանցքի բացման հարցում ավելի շահագրգիռ է, քան, օրինակ, Ադրբեջանը»,-ասաց Միրզոյանը: